ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ

2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումներն էական ազդեցություն են գործել անձի իրավունքների ողջ համակարգի, մարդու և քաղաքացու անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության և պահպանության իրավիճակի վրա: Ուստի սույն արտահերթ հրապարակային զեկույցի /այսուհետ Զեկույց/ հիմնական նպատակը` նախընտրական և հետընտրական զարգացումների համալիր վերլուծությունն է:
Զեկույցի առաջին բաժնում բացահայտվում են ընտրական գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու անհնարինության պայմաններում նախընտրական շրջանի սոցիալ-հոգեբանական մթնոլորտի փոփոխության դինամիկան, դրա ձևավորման հիմնական օրինաչափությունները: Զեկույցի երկրորդ բաժինը նվիրված է քվեարկության անցկացման օրվա մթնոլորտի և դրա ձևավորմանը նպաստող օրենսդրական հիմնապատճառների վերլուծությանը: Երրորդ բաժնում բացահայտվում են հետընտրական զարգացումների առանձնահատկությունները: Չորրորդ բաժնում ներկայացվում է Պաշտպանի գործունեությունը` հետընտրական զարգացումների ընթացքում մարդու և քաղաքացու իրավունքների խախտումների վերացման կապակցությամբ:
ՀՀ նախագահական ընտրությունների հետ առնչվող զարգացումները վերլուծելիս, Զեկույցում, իհարկե, նկատի է ունեցվում այն հանգամանքը, որ ստեղծված նախընտրական և հետընտրական իրավիճակի ձևավորմանը նպաստել էին երկրում առկա բազմաթիվ օբյեկտիվ հիմնախնդիրներ, որոնք դեռևս չէին ստացել իրենց համապատասխան լուծումները, ինչի հետևանքով հասարակության մի զգալի մասի մոտ ձևավորվել էր դժգոհություն: Ի դեպ, այդ հիմնախնդիրներից շատերը նշված էին Պաշտպանի 2006թ. տարեկան զեկույցում, որում կատարված եզրահանգումներն իշխանությունների կողմից, ցավոք, բավարար ուշադրության չարժանացան:Միաժամանակ, Զեկույցի ողջ շարադրանքի տրամաբանության հիմքում ընկած է այն անժխտելի փաստը, որ նախագահական ընտրությունների ժամանակ հասարակության մի ստվար մասի դժգոհությունը, համապատասխան ուղղվածություն ստանալով, ձեռք բերեց նոր որակներ: Մասնավորապես, ակնհայտ սոցիալական և տնտեսական բևեռացումը, հանրային և, հատկապես, իրավապահ մարմինների նկատմամբ գոյություն ունեցող հասարակական անվստահությունը, իշխանության գերկենտրոնացումը, իշխանության երեք թևերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմի ոչ արդյունավետ գործողությունը, մարդու և քաղաքացու իրավունքների անբավարար երաշխավորված լինելը, արտոնյալ խավի փակ համակարգի ձևավորումը հասարակության մի զգալի մասին դրդեցին կտրուկ և շրջադարձային փոփոխություններ փնտրել այս խնդիրներին լուծումներ տալու համար:

Ըստ էության, խոսքն այն մասին է, որ հասարակության մի ստվար զանգվածի մոտ ձևավորվեց ծայրահեղական գործունեության պահանջարկ: Այդ իրավիճակում քաղաքական մի շարք ուժեր ձևակերպեցին այդ պահանջարկին համապատասխանող առաջարկ: Այդտեղից էլ սկսվեց հասարակության բևեռացման և անհանդուրժողականության մթնոլորտի խորացումը:

Այս հարցերին զեկույցում անրադարձ է կատարվում միայն մարդու իրավունքների, խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի տեսանկյունից: Ուստի, զեկույցի հետագա շարադրանքը հետապնդում է միայն մեկ նպատակ: Այն է` տեսանելի դարձնել և ընդգծել այն հանգամանքը, որ ժամանակակից հասարակությունում մի կողմի /ընդդիմության/ խոսքի ազատության սահմանափակումը և մյուս կողմի /իշխանության/ համար այս ոլորտում արհեստականորեն ստեղծված անսահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև իշխանական այլ լծակների ոչ համաչափ և իրավական տեսանկյունից ոչ հիմնավորված օգտագործումըª ինչը նույնպես հանգեցնում է մարդու իրավունքների սահմանափակման, կարող են ՙվատ ծառայություն՚ մատուցել հենց այդ լծակներն անհիմն օգտագործողներին` հանգեցնելով հակառակ արդյունքների:

Հասարակության մեջ հոգևոր և նյութական արժեքները պետք է ներդաշնակ և հավասարակշիռ լինեն: Այդ տեսանկյունից շատերի ուշադրությունից բաց թողնվեց այն հանգամանքը, որ ընդդիմության քննադատության թիրախը ոչ թե տնտեսական զարգացման հիմնախնդիրներն են /թունելների, ճանապարների և էլիտար շենքերի կառուցումը/, այլ քաղաքացիների մի ստվար խմբի սոցիալական վիճակը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների անմխիթար վիճակը, պետական կառավարման ոլորտում առկա բազմաթիվ թերությունները և նմանատիպ այլ երևույթները: Իշխանության որոշ ներկայացուցիչներ խոսում էին նյութական արժեքների մասին այն դեպքում, երբ հիմնական գաղափարախոսական պայքարը ընդդիմության կողմից տեղափոխվել էր քաղաքական և հոգևոր արժեքների ոլորտ` քաղաքացիական ազատություններ, մարդու արժանապատվություն, արդարություն և արդարադատություն, իրավահավասարություն:
Երկրում ձևավորվել էր արտոնյալ` յուրայինների և հասարակության մնացած մասի փակ համակարգ: Ձևական բնույթ ունեին իշխանության կազմակերպման ժողովրդավարական սկզբունքները: Դրանով իսկ սահմանափակվել էին օրինականության շրջանակներում քաղաքական պայքար մղելու հնարավորությունները: Այդ պայմաններում, ընդդիմությունը որդեգրեց նույն ծայրահեղական միջոցները` դուրս գալով փողոց և հասարակությունը բևեռացնելով ՙՄենք՚-ի եվ ՙՈչ-Մենք՚-ի – ՙՄոլորյալներ՚-ի: Արդյունքում, թե իշխանության մի մասի, թե ընդդիմության մի մասի ծայրահեղականությունից տուժեց հասարակությունը, քանի որ մարտի 1-2-ի իրադարձությունները հնարավոր դարձան հենց այդ ծայրահեղական միջոցների գործադրման արդյունքում: Այդ իսկ պատճառով հասարակությունը իրավունք ունի պահանջատեր լինել երկրի քաղաքական վերնախավին (և իշխանության, և ընդդիմության) իր իրավունքների և ազատությունների պաշտպանվածության համար: Այս առումով, հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը առաջնային խնդիր է դառնում:
Ընտրությունների միջոցով իշխանության ղեկին կանգնած քաղաքական ուժերի փոփոխությունը, իշխանության և ընդդիմության փոխատեղումը ժողովրդավարական զարգացման կարևորագույն ցուցանիշ է և միևնույն ժամանակ հասարակության սոցիալ-քաղաքական կայունության ամենաարդյունավետ երաշխիքը: Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը զրկված են ազատ և արդար ընտրությունների միջոցով առկա իշխանություններին փոխարինելու հնարավորություններից, իշխանությունները ժողովրդավար են միայն այնքանով, որքանով ապահովված է իրենց ՙբնականոն՚ վերարտադրությունը, ապա քաղաքական պայքարում ծայրահեղ դրսևորումներն անխուսափելի են:

Սահմանադրականությունը իշխանության սահմանափակումն է, որը բացառում է քաղաքական պայքարի արդյունքում այնպիսի իրավիճակների ձևավորում, երբ հաղթողը տիրանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական բոլոր լծակներին, իսկ պարտվողը կորցնում է նորմալ գոյատևման բոլոր հնարավորությունները: Հենց այդպիսի իրավիճակներն են կողմերին մղում ՙկենաց և մահու՚ պայքարի և պարարտ հող ստեղծում ավտորիտար և տոտալիտար քաղաքական ռեժիմների ձևավորման համար:
Նորընտիր Նախագահը և ձևավորվող նոր իշխանական համակարգը շատ ծանր ժառանգություն ստացան իրենց նախորդից: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ ժառանգությունն այդքան ծանր չլիներ: Բայց ունենք այն ինչ ունենք, և բոլորս միասին պետք է հաղթահարենք այս իրավիճակը:
Այս ամենի համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնախնդիրները.
1. Ապահովել հասարակական վերահսկողության ներքո գործող իշխանություն և ուժեղ ընդդիմություն: Միայն այդ դեպքում իշխանությունն այլևս չի կարողանա իրեն ենթարկել հասարակությանը: Արդյունքում ընդդիմությունը ստիպված չի լինի փողոց դուրս գալ, քանի որ կկարողանա իր կարծիքն արտահայտել իրավական և քաղաքական միջոցներով:
2. Բարեփոխել ընտրական օրենսդրությունը: Մասնավորապես, ընտրական օրենսգրքում անհրաժեշտ է վերանայել ընտրական հանձնաժողովների ձևավորման, վերահաշվարկի անցկացման կարգը և այլն:
3. Ապահովել խոսքի ազատություն, պայմաններ ստեղծել էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմակարծության և անկողմնակալության ապահովման համար: Առանց բազմակարծության չկա ազատ հասարակություն, ինքնասահմանափակվող իշխանություն: Այդ տեսակետից կարևոր նշանակություն կունենան հեռուստատեսության և ռադիոյի գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումները: Անհրաժեշտ է ապահովել նաև իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հավասար մասնակցություն հեռուստաընկերությունների և ռադիոկայանների գործունեությունը համակարգող և վերահսկող մարմինների ձևավորման գործում:
4. Բացառել մարդու իրավունքներն ու ազատություններն անհիմն սահմանափակող օրենքների առկայությունը: (Օրինակ` ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին՚ ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները):
5. Երաշխավորել իրավահավասարության սահմանադրական սկզբունքը և հասարակության մեջ վերացնել տնտեսության ոլորտում առկա մենաշնորհը, ինչը հնարավորություն կտա վերացնել կառավարման օլիգարխիկ համակարգը: Միայն այդ պայմաններում կբացահայտվի մարդկանց ստեղծարար ներուժը: Եվ որպես վերոնշվածի արդյունք` հասարակությունում գոյություն չի ունենա քաղաքական ծայրահեղականության պահանջարկ, և, հետևաբար, չի ձևավորվի նմանատիպ առաջարկ քաղաքական ուժերի կողմից: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծայրահեղական գաղափարները կյանք են առնում ծայրահեղ բևեռացված հասարակությունից: Եթե հասարակությունը բևեռացված չէ, ոչ մի ծայրահեղական գաղափար չի կարող ոտքի հանել լայն զանգվածների:
6. Պայքարել ոչ թե հետևանքների դեմ, այլ արմատախիլ անել պատճառները: Այդ տեսակետից հույժ կարևոր է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող անկախ հանձնաժողովի ստեղծումը:
7. Ամենավտանգավոր և անհեռանկար բանը, որ կարող ենք այժմ անել, բարեփոխումների իմիտացիան է:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: